«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի վիրաբույժները հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մասնակցել են միջազգային վիրաբուժական կոնգրեսի։
Վիրաբուժության Եվրոպական Միության (ESS – European Society of Surgery) և Էնդոսկոպիկ Վիրաբուժության Ռումինական Ասոցիացիայի (RAES – Romanian Association of Endoscopic Surgery) կողմից կազմակերպված կոնգրեսին մասնակցում էր 500 վիրաբույժ 33 երկրից:ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայի ղեկավար պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանը և ԵՊԲՀ դասախոս, նույն կլինիկայի վիրաբույժ Հայկ Սաֆարյանը ներկայացրել են վիրաբուժության կլինիկայի գործնական աշխատանքի արդյունքները:
Մասնակիցների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել և քննարկվել ստոծանիական ճողվածքների լապարասկոպիկ բուժման արդյունքների ներկայացումը։ Կոնգրեսի նախագահության կողմից պրոֆեսոր Ստեփանյանը պարգևատրվել է հավաստագրով լապարասկոպիկ վիրաբուժության բնագավառում կատարած աշխատանքների համար, արժանացել է դիպլոմի Վիրաբուժության Եվրոպական Միության խորհրդի կազմում կատարած աշխատանքների համար:
Համալսարանական հիվանդանոցի վիրաբույժները կոնգրեսի ժամանակ ծանոթացել են նաև վիրաբուժությունում կիրառվող մեթոդների տեխնոլոգիական նոր մշակումներին, Քեմբրիջի համալսարանի ինժեներների կողմից առաջարկված նոր ռոբոտի ցուցանմուշին:
Միջոցառման մեկ օրը նվիրված էր բարիատրիկ վիրաբուժությանը, որի ընթացքում քննարկվել են վիրաբուժության այդ բնագավառի նորությունները, մասնակիցները ներկայացրել են բարիատրիկ կրկին կատարվող վիրահատությունների դեպքեր։
Համալսարանական կլինիկայի վիրաբուժները քննարկումների ընթացքում ներկայացրել են իրենց աշխատանքների արդյունքները, որոնք համադրելի են տարբեր կլինիկաների ներկայացրած արդյունքներին։
Նշենք, որ կոնգրեսի շրջանակներում տեղի է ունեցել նաև Վիրաբուժության Եվրոպական Միության խորհրդի նիստ (ESS Board Meeting), որին մասնակցել է նաև խորհրդի անդամ պրոֆեսոր Ստեփանյանը, որոշում է կայացվել 2024թ. կոնգրեսն անցկացնել Բաթումիում:
.png)